ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իրոք՝ ինչո՞ւ պիտի անհարմար զգա

Իրոք՝ ինչո՞ւ պիտի անհարմար զգա
25.09.2014 | 16:05

«Թող էդ ասողն անհարմար զգա, ես խի՞ անհարմար զգամ: 25 տարի ա, ծառայում եմ իմ ժողովրդին, խի՞ անհարմար զգամ»: Այս խոսքերի հեղինակը Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է՝ հայտնի Լիցկան:

Անցյալ տարի, հունիսի 2-ին, Գորիսում, նրա առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո նրան պաշտոնանկ արեցին, որդուն ու թիկնապահին սկզբում կալանավորեցին, հետո ազատ արձակեցին: Իսկ մարզպետի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները մինչ օրս արդարություն են որոնում դատական տարբեր ատյաններում:
Եվ մինչ նախկին մարզպետի կտտանքներից զզված, տասնամյակներ շարունակ նրա տարածած ահ ու սարսափի պայմաններում ապրած սյունեցիները տոնում էին ժամանակավոր հաղթանակը, այդ ընթացքում հենց Սյունիքի մարզում ու նրա սահմաններից դուրս գտնվում էին մարդիկ, ովքեր ԶԼՄ-ները հեղեղում էին սրտառուչ պատմություններով, թե բա գիտե՞ք որքան լավ կառավարիչ է Սուրիկ Խաչատրյանը, ինչ բարի գործեր է արել: Այդ մարդիկ ոչ մի անգամ ձայն չեն հանել, երբ տարբեր հրապարակումներ ու ահազանգեր էին լինում Սուրիկ Խաչատրյանի սպառնալիքների, ծեծի, մարդկանց ահաբեկելու և տարբեր կրիմինալ պատմությունների մեջ ներգրավված լինելու մասին: Այդ մարդիկ ձայն չհանեցին, երբ մարզպետի ամենաթողությունը հասավ նույնիսկ այնտեղ, որ օրը ցերեկով, Երևանի կենտրոնում գտնվող «Մարիոթ» հյուրանոցում հարվածեց գործարար Սիլվա Համբարձումյանին, և այդ ամենը ֆիքսեցին տեսախցիկները: Այդ մարդիկ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սոսկալի սպանության բացահայտումը, մեղավորների համար արդարացի պատիժ պահանջելու փոխարեն սկսեցին հիշել ու թվարկել, թե մարզպետը քանի գրքի տպագրություն է հովանավորել, որ գյուղացու ընտանիքին ինչ օգնություն է ցույց տվել, օրինակ, կարկուտից տուժելու դեպքում (կարծես թե դրանք իր իրավասություններից դուրս ինչ-որ բաներ են) և այլն: Իսկ ահա մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը հաշիվ չեն: Այդ «բարեգործությունների» թվարկման մեջ չհիշվեցին այն մարդիկ, որոնց կյանքն այլ ընթացք է ստացել Սուրիկ Խաչատրյանին թարս նայելու պատճառով: Հակառակ դեպքում՝ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո գորիսեցիները պետք է պերմանենտ ցույցեր կազմակերպեին և պայքարեին այնքան, որ Սուրիկ Խաչատրյանը դրանից հետո ազատ չֆռֆռար հենց մայրաքաղաքում:
Եվ քանի որ իրավապահ մարմիններն անցած մեկ տարում դույզն-ինչ տհաճություն չպատճառեցին Սուրիկ Խաչատրյանին ու նրա մերձավորներին, իսկ սպանված Ավետիք Բուդաղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն էլ դատարաններում չի կարողացել առայժմ հասնել շոշափելի հաջողության, զարմանալի չէ, որ նախկին մարզպետը ոչ միայն վերանշանակվում է իր նախկին պաշտոնում, այլև նման պատասխան է նետում իրեն հարց ուղղած լրագրողներին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ